ՆՀ НА NA


Home

 


«Նոր Հայաստան» հումանիտար աջակցության կենտրոնը հասարակական կազմակերպություն է` հիմնադրված 1995 թվականին:

Գոյության առաջին 2 տարին ուղղված էր ուսանողության քաղաքացիական ակտիվացմանն ու սոցիալական կայունացմանը` Երևանի Պետական Համալսարանի Ուսանողական Խորհրդի հետ համատեղ: Հետո, շատ կարճ ժամանակահատվածում, մենք արձանագրեցինք Հայաստանի փոխակերպվող հասարակության հիմնական խնդիրներից մեկը` մանկության խարխլումը:  Հայաստանի երեխաները տնտեսական, քաղաքական, սոցիալական և գաղափարական ճգնաժամի առաջին զոհերն էին: Պատճառը թերևս այն էր, որ Խորհրդային կարգերի փլուզումից հետո արտաքին աշխարհի կողմից թելադրվող «Ժողովրդավարությունը և շուկայական տնտեսությունը» և դրանց հետևանք «շուկայական հարաբերությունները» /այդ թվում` միջանձնային մակարդակում/ գրեթե ամբողջությամբ դուրս մղեցին ազգային ավանդույթները` փոխարինելով դրանք Ոսկե Ցլի – Կապիտալի մշտական ուղեկիցներով` աղքատությամբ, մուրացկանությամբ, թափառաշրջիկությամբ, անգրագիտությամբ... Եվ քանի «գլոբալիզացիայի» անվամբ որոշ պետությունների էքսպանսիայի ներքո աշխարհը վերջնականապես մխրճվեց Մատրիցայի համակարգ` չմտածելով անգամ «բարեփոխումների» իրական արժեքի մասին` մենք զգում էինք, որ «քարեր հավաքելու ժամանակն է», և փորձում էինք անել ամենը, որ կարողանանք գոնե օգնել քաղաքակրթության փոթորիկներով արվարձաններ դուրս շպրտածներին:

Մենք հստակ գիտակցում էինք, որ ուրիշի ցավ հասկացություն գոյություն չունի, որ երեխայի` անկախ իր ազգությունից, դավանանքից և սոցիալական կարգավիճակից, մանկության կորուստը բոլորիս մեղքն է. սա էր պատճառը, որ 1997 թվականից ի վեր մենք սկսեցինք աշխատել Հայաստանի փողոցի երեխաների հետ` իրականացնելով բազմաթիվ ծրագրեր (սոցիալական վերականգնում, հոգեբանական և բժշկական օգնություն, իրավունքների պաշտպանություն և այլն): Միաժամանակ մենք փորձում էինք նաև պետության և հասարակության ուշադրությունը սևեռել երեխաների խնամազրկության և լքվածության խնդրի վրա, և իրականացրել ենք մի շարք համապատասխան ծրագրեր /հեռուստառադիո հաղորդումներ, սեմինարներ, զանգվածային միջոցառումներ և այլն/:

Ժամանակի ընթացքում իրավիճակը փոխվեց. մի շարք կազմակերպություններ վերջապես գիտակցեցին երեխաների շրջանում ռիսկայնության և հանցագործության կանխարգելման և վերականգնողական աշխատանքների կարևորությունը, և համատեղ ջանքերը բերեցին պայմանների բարելավմանը և աստիճանաբար Հայաստանում սկսեց ձևավորվել երեխաների խնամազրկության և ռիսկայնության կանխարգելման միասնական համակարգ…

2003 թվականից մենք ընդգրկվեցինք քաղաքացիական լայնածավալ գործունեության մեջ` մասնակցելով մեր երկրի հասարակական-քաղաքական գործընթացներին: Նման ակտիվություն դրսևորելու համար պատճառները շատ էին, սակայն հիմնականը նույն  «պատասխանատվության զգացում»-ն էր. մեզ համար պարզ էր, որ արդեն շատ դժվար է և անգամ անհնար մտածել վաղվա մասին, և միակ բանը, որը մեր ուժերում է` հավատարիմ մնալ սեփական սկզբունքներին և անել այն, ինչ կարող ենք: Հենց այս համատեքստում էլ մենք սկսեցինք խորացնել և ընդլայնել կրթական ծրագրերը` հիմնականում կենտրոնանալով նոր սերնդի վրա` հույս ունենալով, որ մենք կկարողանանք նպաստել նոր սերնդի մտավոր, հոգևոր և բարոյական զարգացմանը և, մյուս կողմից էլ, ունակ կլինենք հայտնաբերել վառ լույսը կրողներին և աջակցել նրանց պահպանել և ուժեղացնել այդ լույսը: Աստիճանաբար այս գործունեությունը դարձավ մեր հիմնական ռազմավարությունը…  

Վերջին 5 տարիներին իրականացվել են հետևյալ հիմնական ծրագրերը.

  • Քաղաքացիական կրթության դպրոց-ճամբար, 2005-2006 թթ.
  • «Երևանի աշակերտական խորհուրդ» նաև հոգեբանական դասընթացներ, 2006թ.
  • Մանկական հանրամատչելի խաղահրապարակների կառուցում Հայաստանի տարբեր համայնքներում, 2006թ.
  • «Քաղաքացիություն. ուսումնասիրում, փորձարկում, կիրառում» ոչ-ֆորմալ կրթության դպրոց, 2006թ.
  • «Ժողովրդական էպոս. կոնտակտ և ընկալում» թրեյնինգների շարք, 2006թ.
  • «Սև ու Սպիտակ» բանավիճային ակումբ /քաղաքական, սոցիալական և այլ թեմաներ/, 2006-2007թթ.
  • Հոգեբանական թրեյնինգներ երիտասարդության համար, 2006-2008թթ.
  • «Հանդուրժողականությունը որպես Ընկալման Արդյունք» սեմինարների շարք, 2007թ.
  • Զրույցներ Տիբեթի մասին թեյի սեղանի շուրջ, 2007-2010թթ.
  • «Երիտասարդություն և  Արժեքային Համակարգ» դպրոց-ճամբար, 2008թ.
  • Միջմշակութային երկխոսության թրեյնինգներ երիտասարդության համար, 2008-2009թթ.
  • «Ով է Հայը» բանավիճային էլիտար ակումբ, 2009-2010թթ.
  • «Ազգային Ճգնաժամ. Ելքի Ուղիներ» սեմինարների շարք, 2009-2010թ.
  • «Փնտրողների դպրոց»` փիլիսոփայական դասընթացներ ուսանողության համար, 2006-20011թթ.
  • Բաց դասախոսությունների Տիբեթի մասին, 2009-2011թթ.
  • Հոգևոր Պրակտիկաների դասընթացներ, 2009-2011թթ.
  • "Հայոց Արժեքային Համակարգ" սեմինարների շարք, 2011թ.
  • «Պատվո Ուղի» թրեյնինգներ և կրթամշակութային միջոցառումներ, 2010թ.
  • Հայկական Ֆենթեզի ակումբ, 2011թ.
  • "Մենք" երիտասարդության էլիտար ակումբ, 2009-2011թթ.
  • Հոգեբանական թրեյնինգներ երիտասարդության համար, 2011թ.
  • Գիտական մշակումներ տարբեր թեմաների շուրջ, 2009-2011թթ.