|
…Մեր սերունդը վերջինն էր, որն ընկալում էր սովետական մանկական կինոների
"մոգությունը"` մենք դաստիարակվում էինք պատմություններով երիտասարդների մասին, որոնք դիմակայում էին չարին և սեփական ուժերով պայքարում ընդդեմ անարդարության և օգնում ընչազուրկներին… Դա Կայսրության վերջին տարիներն էին, երբ, դեռ շարունակելով
"շնորհակալություն հայտնել Կուսակցությանը երջանիկ մանկության համա", մենք արդեն աստիճանաբար զգում էինք մեծերի խոսակցություններում Անկախության հովերը: Երևի թե հենց այդ ժամանակ մենք սկսեցինք գիտակցել մեզ համար Հայրենիքի Գինը:
…Սով, պատերազմ, մթություն և ցուրտ` այդպիսին էին անկախության առաջին տարիները. ազատագրական պատերազմ Ղարաբաղում, շրջափակում, տնտեսական ճգնաժամ և խստաշունչ ձմեռներ` առանց էլեկտրականության, գազի և ջրի: Դա ծանր ժամանակաշրջան էր` գարշահոտ և մրոտ լապտերների նավթով և ալյուրից ու ջրից ինքնարար բլիթների և որպես օգնություն ստացած որդնած սոյայի և կաթի փոշուց պատրաստած շիլաների խոնավ բույրով, և լեցուն անվերջ հիվանդություններով, մահերով և մերձավորների հեռացումով: Այժմ այդ ամբողջը հիշվում է իբրև սարսափ երազ, և սակայն դա իրականություն էր` ևս մեկ ճամփաբաժան… Երկիրն աստիճանաբար դատարկվում էր. մարդիկ փախչում էին ոչ թե լավ, այլ պարզապես նորմալ կյանքի փնտրտուքով, հեռանում էին մեր ընկերները` ընդմիշտ բաժանվելով անցյալի և մեզ` մնացողներիս, հետ: Բայց մեզ, ովքեր նախընտրում էին նվիրվածությունը և մնում Տանը, վիճակ էր հասնում Պայքարելու մեծն իրավունքը:
…Հենց այդպես էլ եղավ, որ մենք մնացինք Հայաստանում և մշտապես կապեցինք մեր ճակատագիրը մեր Հայրենիքի հետ. դա մեր սեփական ընտրությունն էր, և միայն հետագայում` շատ ավելի ուշ, մենք հասկացանք, որ այդ ժամանակ ընտրեցինք ոչ թե պարզապես Տունը, այլ պայքարի սեփական ուղին, պատասխանատվության սեփական տարածքը. չէ որ աշխարհը նման է խճանկարի, որում յուրաքանչյուրը պատասխանատու է առանձին մասի համար, բայց մեկի սխալը նշանակում է ողջ պատկերի աղավաղում…
Եվ շարունակելով սեփական ներքին որոնումները` մենք անդադար տանում ենք
"մեր բաժին" պայքարը աշխարհը կլանած Մատրիցայի դեմ` գիտակցելով, որ նման ժամանակաշրջանում կարող ենք և պիտի պահենք Ավանդությունը, հավատալով, որ Աստվածային լույս բոլորիս մեջ կա, և փորձելով առաջնորդվել մի պարզ ճշմարտությամբ`
"պնդելով, որ ինչ-որ բան անկարող ես, դու զրկում ես քեզ Ամենազորությունից":
|